Youth
Armenia
News
 
Меню сайта

газета армян России -Еркрамас-
Наш опрос
Оцените мой сайт
1. Отлично
2. Хорошо
3. Неплохо
4. Плохо
5. Ужасно
Всего ответов: 1934

Календарь
«  Октябрь 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Статистика
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Главная » 2013 » Октябрь » 28 » «Պուտինի» պատասխանը Զորի Բալայանին
02:19
«Պուտինի» պատասխանը Զորի Բալայանին
Հարգելի Զորի Հայկի,

Ձեր նամակը թերթելով' ես յուրաքանչյուր էջում տեսնում եմ այն վախի, այն սարսափի զգացումները, որ արտահայտել եք դուք' կապված թուրք-ադրբեջանական վտանգի հետ: Ձեր պատմությունն է երևի ստիպել նամակում արտահայտել այդ բոլորը: Ձեր հայրենազրկման ու ցեղասպանության պատմությունը: Գիտեք, Զորի Հայկի, ինձ այս ամենով հանդերձ' ապշեցնում է այն հանգամանքը, որ այդ նույն Ձեր պատմությունը չի ստիպել Ձեզ' գոնե մասամբ փոխվելու: Էլի նույնն եք, ինչ կայիք, օրինակ, Իսրայել Օրու, Հովսեփ Էմինի կամ այլոց ժամանակներում: Մի՞թե Ձեր համար դաս չեղան այդ ժամանակները, մի՞թե Ձեր պատմությունը չապացուցեց, որ հայերիդ պետականությունը վերականգնվեց ոչ թե Օրու, Էմինի նամակների ու խնդրագրերի, այլ 1918 թ. հերոսամարտում ընկած հայ զինվորների արյան հենքի վրա: Կամ, 1991 թ. Արցախն անկախացավ ոչ թե նույն Ձեր կամ Սիլվա Կապուտիկյանի' Մ. Գորբաչովին ուղղված նամակների, այլ' շուրջ 7.000 ընկած հայ ազատամարտիկների շնորհիվ: Հասկացեք, Զորի Հայկի, նամակը կամ բողոքը զենքերի մեջ ամենաթույլն է, և մի մոռացեք, որ Դուք այլևս ունեք պետություն, իսկ մենք' ռուսներս, կայսերական շահեր: Չկասկածեք, որ մեր զինվորները մի օր անգամ չեն մնա Արաքսի ափին, եթե դա չբխի մեր կայսերական շահերից, և հակառակը' մնալու ենք այնտեղ, եթե անգամ Ձեր հայոց հողում բնակվեն 3 մլն սահակաշվիլիներ կամ բայդեններ: Որքան հասկացա' Դուք ռուսական պատմության դասերը լավ գիտեք, հիշու՞մ եք, թե 1722 թ. Պետրոս Մեծն ինչու կես ճամփից հետ վերադարձավ և չեկավ հայերիդ օգնելու, որովհետև կար դարձյալ կայսերական շահը, որից այն կողմ ոչինչ չկա մեր համար: Նույնկերպ մի օր հետ կգնանք Ախուրյանից ու Արաքսից, եթե մեր շահերն այլ տեղ որոնելու լինենք: Նույնկերպ հեռացանք Վանից, Էրզրումից, իսկ Կարս անառիկ ամրոցը պատմության մեջ վերցրել ու հանձնել ենք շուրջ 5-6 անգամ: Ասելս այն է' որ մենք մի օր կանք, մի օր' ոչ: Հայաստանում հավերժականը հայ ազգն է, որի շահերն այսօր համընկնում են ռուսների, վաղը կարող են համընկնել Չինաստանի, Մոնղոլիայի կամ Կամբոջայի շահերի հետ:

Զորի Հայկի, չեմ ուզում անդրադառնալ նամակի այն, ինձ համար ծիծաղաշարժ դրվագներին, որոնցում առաջարկում եք կարդալ մեր պատմությունը և տեսնել մեր հավերժական շահերն Անդրկովկասում: Դուք հիշատակում եք Գյուլիստանի պայմանագիրը: Գիտեք, Զորի Հայկի, իմ մոտ տպավորությունն այն է, որ Դուք չեք գիտակցում Արցախի առավելությունը, օրինակ, ռուսներիս կողմից ճանաչված Աբխազիայի կամ Հարավային Օսիայի նկատմամբ: Եթե տարբերությունը չեք գիտակցել' ասեմ. Արցախը ներկայումս պաշտպանում է Արցախի Պաշտպանության Բանակը, ի տարբերություն Աբխազիայի և Հարավային Օսիայի, ուր տեղակայված են ռուսական զորքերը: Ես հիշեցնեմ, որ և' պետականության կայացման, և' միջազգային բանակցությունների թոհուբոհում Արցախի առավելությունն այս համատեքստում անքննելի է:

Դուք, Զորի Հակի, կանխագուշակում և զգուշացնում ենք ինձ, որ մի օր թուրք-ադրբեջանցիները կհզորանան, կկլանեն նաև մեր երկրի շատ մասեր, որից սարսափած' ես պիտի պաշտպանեմ ՀՀ-ն ու Արցախը: Հիանալի անգլիական մեթոդ' ուրիշի ձեռքով հանել կրակից շագանակներ: Մի պահ ենթադրենք' ես չգիտեի այդ ամենը և այժմ անցնում եմ գործի, սակայն այստեղ ինձ ապշեցնում եք դարձյալ դուք' հայերդ: Զորի Հայկի, Ձեզ չի հետաքրքրել, թե Դուք ինչու՞ եք հավատում միայն թրքա-ադրբեջանական կողմի հզորացմանը և լուսադեմից մինչ իրիկուն հաշվարկում, թե նրանք հզորանալով ինչեր կանեն: Զորի Հայկի, ինձ շատ հետաքրքիր է, ինչու՞ չեք հավատում Դուք Ձեր ազգի, Ձեր երկրի հզորացմանը: Մի՞թե 90-ականներին ամբողջ Ադրբեջանը ծնկի բերած և արդեն 20 տարի Արցախի անկախությունը կերտող արցախահայությունն ի վիճակի չէ ապագայում ևս տեր կանգնել նրան: Տպավորությունս այն է, որ հայերդ ավելի հրաշալի եք ապրել Ցարական Ռուսաստանի կազմում եղած ժամանակ, քան անկախության տարիներին և այժմ կարոտախտով եք հիշում ցարական երջանիկ տարիները:

Զորի Հայկի, ես լավ գիտեմ իմ գործը, իսկ Ռուսաստանին առաջնորդում են իր շահերը: Այ դուք' հայերդ, լավ չգիտեք ձեր գործը և փոխանակ հզորացնեք ձեր երկիրը, ազատագրված Արցախը, զբաղված եք օտար տերեր ման գալով: Ես ապշեցի. ուղիղ 10 տարի առաջ, երբ կազմալուծված 10 հազարանոց իրաքահայ համայնքից Ձեր հայրենակիցները եկան ոչ թե Արցախի ազատագրված ու բերրի տարածքներ, այլ՝ վերահաստատվեցին այլ երկրներում: Զարմանքս կրկնվեց 10 տարի անց, երբ 70 հազարանոց կազմալուծված սիրիահայ համայքից նույնպես մատների վրա հաշվվող հայեր եկան Արցախ: Զորի Հայկի, ես համաձայն եմ, որ Արցախը բոլոր առումներով պատկանում է հայերիդ, սակայն մի խոսք կա՝ հողը նրանն է, ով ապրում է այնտեղ, դուք՝ հայերդ, ավելի գերադասում եք ապրել Եվրոպայում, անգամ Ռուսաստանի տայգաներում, քան ձեր հրաշակերտ Արցախում: Այդ է նաև պատճառը, որ անգամ իմ "Հայրենակիցներ” ծրագրի իրագործումից հետո, որը շարունակում է Ձեր երկրից տանել տասնյակ հազարավոր մարդկանց, կրկին հայ գրողների շուրթերից չեն իջնում "Կեցցե Պուտինը” քծնախառն բառերը: Հիշեցնեմ նաև, որ Ձեր կողմից այդքան քննադատված նույն Ստալինը քառասունականներին իրականացրեց ներգաղթի լայնածավալ ծրագիր, որով Սովետական Հայստան եկան հազարավոր սփյուռքահայեր, մարդիկ, որոնց սերունդներն այսօր զանգվածորեն լքում են այդ նույն "երազի երկիր” Հայաստանը: Այսքանից հետո Դուք խոսում եք Նախիջևանի կամ Արևմտահայաստանի մասի՞ն, ծիծաղելի է:

Վերադառնալով մտքիս' նշեմ, որ ձեր ազգի մոտալուտ աղետը ոչ թե Թուրքիայի կամ Ադրբեջանի հզորացումն է, այլ' ձեր երկրի հզորացման ցածր տեմպերը, Ձեր ժողովրդի' սեփական երկրի ապագայի հանդեպ հավատի բացակայությունն ու դրա բերումով երկրից հեռանալու փաստը: Ելնելով այս, ինչպես նաև' այն հանգամանքից, որ դուք ինձ մի քանի տասնյակ խորհուրդներ էիք տվել, ես ինձ իրավունք եմ վերապահում' խորհուրդ տալ ձեզ. մի նամակ էլ գրեք Ձեր ղեկավարությանը' հիշեցնելով վերջիններիս, որ իրենց ոչ մեկ չի խանգարում, և ոչ մի եվրոպա կամ ասոցացման համաձայնագիր պետք չէ, որպեսզի վերջիններս ստեղծեն իրավահավասար ու արդար երկիր, որտեղ ապրանքների եզակի ներկրողները չեն սահմանի իրենց ուզած գները, վերացնեն կոռուպցիան, մենաշնորհները, ստեղծեն արդար ու անկախ դատական համակարգ: Ահա այս պայմաններում, երբ կունենաք բարեկեցիկ երկիր, կունենաք արտագաղթի մասին մոռացած ժողովուրդ, կունենաք հզոր և պաշտպանված Արցախ, ձեզ' հայերիդ, էլ ոչ մի «Գյուլիստան» կամ «Թուրքմենչայ» պետք չէ:

Գիտեք, Զորի Հայկի, ես գնահատում եմ Ձեր մտավախությունները, գիտակցում նաև այն վտանգը, որը կախված է Ռուսաստանի գլխին, եթե թուրք-ադրբեջանցիները կլանեն Արցախը, ոչնչացնեն Հայաստանը և ձգվեն դեպի Ալթայ: Այդուհանդերձ' ես առայժմ չեմ ցանկանում զորքեր տեղակայել Արցախում: Սակայն եթե հայերդ շարունակեք դատարկել ՀՀ-ն ու Արցախը, և մի օր զգացվի Արցախի պաշտպանության պակաս, ես կմտածեմ այդ մասին: Այդ ժամանակ ֆիզիկապես կլինի Արցախը, սակայն Արցախում ռուսական դրոշի առկայությունը շատ բան կփոխի Ձեր երկրում, Ձեր հոգիներում: Մտածե'ք այս մասին:

Զորի Հայկի, զբաղվեք ոչ թե մեռած ու Ձեր ազգի արժանապատվությունը ոտնահարող պայմանագրերի վերակենդանացմամբ, այլ' կենսատու հարցերով: Ձեր երկրի հզորացման հետ համատեղ, զբաղվեք, օրինակ, Վիլսոնի իրավարար վճռի կենսագործմամբ, Ջավախքի հիմնահարցի արծարծմամբ, որը ձեր ապահով ելքն է դեպի արտաքին աշխարհ և Վրաստանի միջոցով մեզ' ռուսներիս հետ կապի երաշխավորը:

Ի դեպ' նույն Ջավախքում ևս առկա է ձեր կողմից բարձրաձայնվող թուրք-ադրբեջանական վտանգը: Դուք դա նշել եք նաև Ձեր' "Հայոս-Քարթլոս. ավելին, քան լեգենդ է” գրքում: Ես կասեի ավելին. ձեր' հայերիդ, ՀՀ-ի ու Արցախի ապագայի իրական վտանգը Ջավախքի թրքացումն է:

Ես որքան հասկացա Ձեր գրքից' Ջավախքում եղել եք 2007 թ.: Խորհուրդ կտամ' գնաք այժմ և տեսնեք, թե ինչեր են անում այնտեղ թուրքերն ու ադրբեջանցիները, որոնց մասին պարբերաբար զեկուցվում է ինձ: Հավատացած եմ' հավետ կմոռանայիք Գյուլիստանի պայմանագիրը և միանգամից իմ առաջ կհայտնվեր թարմ նամակ-խնդրանք, որպեսզի ես շուտափույթ կյանքի կոչեմ Ադրիանապոլսի պայմանագիրը, որով 1829 թ. ողջ Ջավախքը Թուրքիայից անցավ Ռուսաստանին: Կասկած չունեմ, որ այնտեղ կլինեին այսպիսի տողեր. «Հարգարժան Վ.Վլադիմիրովիչ. 1829 թ. Ադրիանապոլսում կնքվեց հավերժական ժամանակների համար մի պայմանագիր, որով Ջավախքում թուրքական դրոշը փոխարինվեց ռուսականով, այժմ այնտեղ, Թափարվան գետի ափին, կրկին ծածանվում է կիսալուսինը: Արդ, աղաչում եմ ձեզ, իրականացրեք կայսրերի կողմից Ձեզ լիազորված պարտավորությունները, կրկին փոխարինեք այն ռուսականով, առավել ևս, որ Ջավախքը Խորհրդային Վրաստանին է միացվել 1921 թ. Կովբյուրոյի որոշմամբ, Ստալինի անմիջական նախաձեռնությամբ: Դուք, որպես Խորհրդային Միության իրավահաջորդ, պարտավոր եք միջամտել Ջավախքի հարցերին, քանի որ յուրաքանչյուր դժբախտ դեպք, որ կատարվում է այսօր Ջավախքի շուրջ, Ձեր իրավանախորդի գործողությունների արդյունք է»: Ուզում եմ զարմացնել Ձեզ, Զորի Հայկի, այդ պարագայում ես չէի քննադատի Ձեզ, քանի որ ջավախահայությունը չունի պետականություն և կարիք ունի օգնության, ինչպես ամեն մի ոչ տիտղոսային ազգ, իսկ այն պետության քաղաքականությունը, որի հավատարիմ քաղաքացին է նա, վարել է պրոթուրքական քաղաքականություն: Ավելին, երբ ես զորքերը դուրս բերեցի Ախալքալաքից, նրանց նախագահը խոստացավ' լիովին ապահովել ջավախահայության անվտանգությունը և զարգացումը, իսկ Վրաստանի բանակի ողջ կարտոֆիլը գնել Ջավախքից: Խաբեց: Ես մեղավոր եմ այդ ժողովրդի առաջ: Այ, եթե ապագայում հնարավոր լինի այցելել Ջավախք, ես կօգտագործեմ այն: Ես երազում եմ լինել Փարվանայի ափին, տեսնել նրա ափին գտնվող Փոկա գյուղը, որը, ինչպես ինձ պատմել են, շատ է նման իմ հայրենի Ս. Պետերբուրգին. գյուղի մեջտեղով, ինչպես Նևան, հոսում է Թափարվանը: Իմ սեղանին են Ղունկիանոս Երգիչ Կարնեցու, Ջիվանու, Դ. Դեմիրճյանի, Վ. Տերյանի գործերը' իմ շատ սիրելի Վ. Բրյուսովի թարգմանությամբ, հրատարակված 1916 թ.: Հետևաբար' ես շատ կուզենայի լինել այդ մեծերի ապրած վայրերում' Վարևանում, Կարծախում, Ախալքալաքում և Գանձայում:

Երազում եմ տեսնել նաև հրաշագեղ Թմկաբերդը, որը ռուսներիս հարսը' Թամար թագուհին, որպես հայկական բերդ 1191 թ. ժառանգեց Զաքարյանների կրտսեր ճյուղի' Վահրամյանների տոհմի ներկայացուցիչ Սարգսին:

Զորի Հայկի, հայերիդ այժմ ոչ թե «Գյուլիստան» է պետք, այլ' կամք' հզորացնելու սեփական երկիրը: Իսկ իմ մտահոգության առարկան այժմ ոչ թե «Գյուլիստանն» է կամ Արցախը, այլ' «Ադրիանապոլիսն» ու Ջավախքը:

Կանխավ ներողություն հայցող' Վ.Վ.Պուտին
ՌԴ Նախագահ
24 հոկտեմբերի, 2013 թ.
Մոսկվա, Կրեմլ

Վ.Վ.Պուտինի հնարավոր նամակը Զ.Հ.Բալայանին հայերենի վերածեց' Վահե Սարգսյանը
times.am



Самое читаемое
Категория: Мнение | Просмотров: 1584 | Теги: «Պուտինի» պատասխանը Զորի Բալայանին
Форма входа
E-mail:
Пароль:

Поиск

Лента Новостей
BBC : Селфи на Генассамблее ООН: дочь Алиева фотографировалась во время речи отца
Александр Лапшин: Как азербайджанские следователи ведут допросы, или про умирающую бакинскую интеллигенцию
Эксперт: Азербайджан влез в очередной криминальный скандал благодаря чешским установкам Dana
Александр Лапшин: Лагерь смерти в центре Минска. Часть первая - «руссиш швайне»
Александр Лапшин: Какие страны оказали Азербайджану помощь в следствии по моему делу?
Лапшин: Израиль, сам являющийся государством «оккупирующим», вряд ли может себе позволить двойную мораль
Рейтинг@Mail.ru
Copyright Adamyan © 2017 Хостинг от uCoz